Արկադի Տեր-Թադեւոսյանը չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Տեր-Թադեւոսյանի՝ հուլիսի 1-ին արած հայտարարությանը, թե «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առաջնային հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմը»:
«Ես միանշանակ չեմ կիսում նրա հայտնած միտքը եւ ցավում եմ, որ նման հայտարարություն է արել, քանի որ այդ հայտարարությունը պրոֆեսիոնալի կողմից արված հայտարարություն չէ»,- նկատեց Բաղմանյանը՝ հավելելով. «Նա վաղուց չի եղել բանակում, եւ դեռ 90-ական թվականների մտածելակերպ ունի»: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն ընդգծեց, թե գուցե լրագրողները ճիշտ չեն ընկալել գեներալ-մայորի ասածները, «քանի որ նա ռուսախոս է եւ երբ փորձում է մտքերը թարգմանել հայերեն, ճիշտ չեն ստացվում»: Նկատենք, որ Արկադի Տեր-Թադուսյանն իր նշված հայտարարությունն արել է ռուսերենով։
Բոլոր դեպքերում, պատերազմի վերսկսման դեպքում առաջնային հաջողությունն ու՞մ կողմը կլինի՝ Հայաստանի՞, թե Ադրբեջանի՞՝ հարցին Հայկազ Բաղմանյանն արձագանքեց. «Կարծում եմ, Ադրբեջանը հաջողության չի հասնի, քանի որ մենք պաշտպանվում ենք։ Իսկ պաշտպանվողի առավելությունը միշտ ավելի շատ է, քան հարձակվողի»: Նա նաեւ նշեց, որ Հայաստանն ունի բավարար չափով ռազմամթերք։ «Այս պատերազմի համար ինչքան զինամթերք անհրաժեշտ է, այնքան ունենք։ Ինչ վերաբերում է բանակի մարտունակությանը, ապա այն միշտ բարձր է, իսկ վերջերս էլ ավելի է բարձրացել»:
Ի դեպ, զրույցի վերջում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը կրկին անդրադարձավ Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտարարությանը՝ հարցնելով. «Ինքը քանի՞ տարեկան է»: Հայկազ Բաղմանյանը հավանաբար ակնարկեց, որ Տեր-Թադեւոսյանի հայտարարության մեջ հնչած գնահատականը նրա տարիքով է պայմանավորված։




























