ԱՄՆ-ն ցավում է Ադրբեջանի կողմից հայկական ինքնաթիռի ոչնչացման հետեւանքով զոհվածների համար եւ ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ ընդ որում հրաժարվելով խոստովանել, որ հրադադարի ռեժիմի խախտողը Ադրբեջանն է:

Ի պատասխան հարցին՝ ԱՄՆ-ն մտահո՞գ է, արդյոք, Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի ոչնչացմամբ, եւ այդ երկու երկրների կառավարությունների հետ կապ պահպանո՞ւմ է, Փսակին ասել է. «Մենք տեղյակ ենք տեղի ունեցածի շուրջ եւ ցավում ենք շփման գծում կործանված ուղղաթիռի անձնակազմի համար եւ մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ու վիրավորների հարազատներին: Այս իրադարձությունը եւս մեկ անգամ հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկու կողմերի հետ նվազեցնել լարվածությունը, եւ ինչպես գիտեք, մենք երկու երկրներում ունենք դիվանագիտական ներկայություն, սակայն ես տեղեկություններ չունեմ այս կոնկրետ միջադեպի գործով փոխգործակցության առկայության մասին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Օբամայի վարչակազմը ինչ կարող է անել լարվածությունը նվազեցնելու համար, Փսակին հայտարարել է. «Որպես Մինսկի խմբի համանախագահ մենք փոխգործակցում ենք երկու կողմերի հետ եւ մեր դիրքորոշմամբ, նրանք պետք է կրկնակի ավելացնեն խաղաղ բանակությունների վերադառնալու ջանքերը: Եվ, բնականաբար, հետագա բռնությունը, լարվածության էսկալացիան չեն կարող օգնել  այդ ջանքերին, սակայն մենք մեր ակտիվ աշխատանքները, որպեսզի տեսնենք մոտենում ենք արդյոք լուծմանը»:

Ի պատասխան հարցին, թե ճանաչո՞ւմ է, արդյոք Փսակին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը, ինչպես նաեւ խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը, պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է: «Ես չունեմ իրականում տեղի ունեցածի շուրջ վերլուծություն: Ակնհայտ է, որ երկու կողմերից կան պահանջներ եւ մեկնաբանություններ, սակայն ես ոչ մի վերլուծություն չունեմ»: Ինչին ի պատախան լրագրողը հայտարարել է, որ Ադրբեջանն է խոցել հայկական ինքնաթիռը, ուստի բավականին հստակ է, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը: «Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն ունեն իրենց կարծիքները, սակայն այդ կապակցությամբ ես ԱՄՆ-ի կառավարությունից որեւէ մեկնաբանություն չունեմ», - պատասխանեց Փսակին՝ հավելելով, որ նոր տեղեկություններ ունենալով միայն հնարավոր կլինի վերադառնալ այդ խոսակցությանը: