ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը դեմ է ռուսաստանցի խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելուն: Նրա խոսքով, դա երկկողմ հարց է եւ երկու կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը:

«Կա վեցնյակ, որը զբաղվում է այդ խնդրով, կա հետաքրքիր ձեւաչափ, երբ հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները՝ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ»,- ասել է նա «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում:

Միրոնովը հույս է հայտնել, որ նման ձեւաչափը կշարունակվի, եւ այստեղ է Ռուսաստանի շատ դրական դերը:

«Միայն նրանք (հակամարտության կողմերը) կարող են լուծել այդ խնդիրը: Եւ նրանք պետք է որոշեն փոխընդունելի պայմաններում: Երբ կողմերը պայմանավորվեն, Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես այդ պայմանավորվածությունների երաշխավոր: Բայց զորքեր մտցնելը բացարձակապես անընդունելի է, դա սխալ կլինի»,- ասել է նա: