Հայաստանը կարեւորում է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը որպես միջազգային իրավունքի առանցքային նորմերից մեկը եւ համոզված է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յուն-հոի հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կորեայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նալբանդյանին:

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկկողմ համագործակցությունը` աշխուժացել են խորհրդարանական կապերը, Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հովանու ներքո անցկացվող ծրագրերի շնորհիվ արդեն շուրջ յոթ տասնյակ պետական ծառայողներ վերապատրաստվել են Կորեայում, նախադրյալներ են ստեղծվում տնտեսական փոխգործակցության խորացման համար, հաճախակիացել են մշակութային փոխանակումները:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Յուն-հոն կարեւորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացումը:

Կորեայի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին է ներկայացրել Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները` մարտին կորեական ռազմանավի խորտակման պատճառով իրադրության սրացումը: Նախարար Նալբանդյանը ցավակցել է  ողբերգության հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նա մտահոգություն է արտահայտել տարածաշրջանում իրադրության սրման առումով` հույս հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն տարածաշրջանում իրադրության կայունացմանը: