Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Տիգրանակերտի զորավարժարանում այսօր` նոյեմբերի 14-ին, շարունակվեց «Միասնություն 2014» զորավարժությունը: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այսօր զորավարժությունների կրակային փուլն էր, որին հետեւում էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, պաշտպանության նախարարը եւ պաշտպանության բանակի գլխավոր հրամանատարը:
Վաղ առավոտյան տանկային բիաթլոն անցկացվեց երեք տանկերի միջեւ: Այնուհետեւ ներկաներին զարմացրին հատուկ նշանակության ջոկատները: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց նոր դիտակետի առավելությունների մասին` անձամբ ստուգելով այն:
Զորավարժությունները շարունակվեցին արդեն Ակնայի տարածքում: Հիշեցնենք, որ այս տարածքից ընդամենը չորս կիլոմետր հեռու նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմը խոցեց հայկական ուղղաթիռը: Սա չխանգարեց հայկական կողմին այսօր օդ բարձրացնել հայկական երկու այլ ուղղաթիռներ, որոնք օդում մի քանի պտույտ կատարելուց հետո կրակ բացեցին:
Զորավարժություններին հետեւող մարդիկ հնարավորություն ստացան նաեւ տեսնելու, թե ինչ պաշտպանողական եւ հակահարձակողական գործողությունների է ընդունակ մեր Զինված ուժերը:
Տիգրանակերտի զորավարժարանում ցուցադրական պատերազմ էր: Ինչպես ընթացքում նկատեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այս զորավարժությունները հաջողված էին:
«Զորավարժության նպատակները կատարվել են. դրանցից կարեւորը հրամանատարների եւ նրանց շտաբների ունակությունների կատարելագործումն է, բոլոր կառույցների ներդաշնակեցման բարձրացումն է: Համոզվեցինք, որ բոլոր դրվագներում համագործակցությունը բարձր մարկարդակի վրա էր»,- ավելացրեց նախարարը:
Նշենք, որ զորավարժությունների պաշտոնական փակումը վաղն է` նոյեմբերի 15-ին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











