ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի ունեցավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից պատրաստված Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցի շնորհանդեսը:

Զեկույցը պատրաստվել է  2013-14 թթ. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի մասնագետների եւ փորձագետների կատարած մեծածավալ ուսումնասիրությունների ու քննարկումների հիման վրա:

Ուսումնասիրության նպատակն է՝ բազմակողմանիորեն գնահատել ինովացիայի բնագավառում Հայաստանում առկա վիճակն ու ներուժը եւ համապատասխան խորհրդատվություն տրամադրել ՀՀ կառավարությանը՝ ինովացիոն գործընթացների ակտիվացմանն ուղղված առավել արդյունավետ քաղաքականության մշակման գործում:

Ուսումնասիրությունների ընթացքում Հայաստանում փորձագետների աշխատանքը համակարգել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:

Բացման խոսքում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը, շնորհակալություն հայտնելով հայ մասնագետներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունն ու գնահատումը հաշվի կառնվեն Հայաստանի ինովացիոն ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակողների կողմից: Նա նշեց, որ չնայած Հայաստանում ինովացիոն գործընթացների զարգացման ակնհայտ միտում կա, այնումենայնիվ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց կարեւորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցությունը շարունակելու եւ սերտացնելու պատրաստակամություն հայտնեց եւ ընդհանուր գծերով ներկայացրեց կոմիտեի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մշակված իրավական ակտերն ու միջազգային պայմանագրերը եւ այլն:

Այնուհետեւ զեկույցը ներկայացնելու համար խոսքը տրվեց հեղինակներին: Նշենք, որ զեկույցը բաղկացած է 7 բաժնից, յուրաքանչյուր բաժնի վերջում տրված են եզրակացություններ եւ համապատասխան խորհրդատվություն: Փաստաթղթում հանգամանորեն ներկայացված են ՀՀ գիտական եւ գիտատեխնիկական կառուցվածքի ներկայիս վիճակը, ազգային գիտաինովացիոն համակարգն ու քաղաքականությունը, գիտություն-արտադրություն կապն ու ինովացիոն գործընթացներում համագործակցությունը, ինովացիոն ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրները: