Կալիֆորնիայի Գլենդելը ծանր հանցագործությունների ամենացածր մակարդակով ամերիկյան քաղաքների տասնյակում է: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը՝ վկայակոչելով այս շաբաթ հրապարակված դաշնային տվյալները:

Շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Գլենդել քաղաքում, հանցավորության մասին ՀԴԲ-ի զեկույցի համաձայն, անցյալ տարի բռնության կիրառմամբ 181 հանցագործություն է գրանցվել: Բացի այդ, սեփականության դեմ կատարված 3.198 հանցագործություն է գրանցվել:

Գլենդելն ԱՄՆ-ի անվտանգ քաղաքների ցանկում 9-րդ տեղում է: Այդ մասին զեկույցը հրապարակվել է «24/7 Wall Street»-ի հոդվածում, որում վերլուծել են ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող քաղաքներում հանցավորության մասին տվյալները:

Նշենք, որ Գլենդել քաղաքում, որը Լոս Անջելեսի հյուսիսային արվարձանն է, ԱՄՆ-ի խոշորագույն հայ համայնքներից մեկն է բնակվում: Որոշ տվյալներով, հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը: