NASA-ի գիտնականներն աշխարհի առաջին կենսաբանորեն քայքայվող անօդաչու սարքն են նախագծել, որը կազմված է սնկերից ու մանրէներից: Կենսաբանական թռչող սարքի առավելությունն այն է, որ կործանման դեպքում ոչ մի հետք չի թողնում:

Անօդաչու սարքը, որի մոդելի ստեղծման ուղղությամբ աշխատել է ամերիկյան Սթենֆորդ, Բրաուն եւ Սփելման քոլեջների գիտնականների խումբը, այս ամսվա սկզբին հաջողությամբ առաջին թռիչքն է իրականացրել Բոստոնի գենո-ինժեներական մեխանիզմների միջազգային մրցույթում:

Այն իսկական հայտնագործություն է հատուկ ծառայությունների համար, քանի որ աղետի դեպքում իր հետեւից հետք չի թողնում: Ըստ RT-ի, դրա մնացորդները վերածվում են ջրափոսի եւ արագորեն անհետանում են:

Հեղինակների խոսքով, թռչող սարքն աստիճանաբար «հալչում է»: «Ոչ ոք չի իմանա, այդտեղ ջո՞ւր եք լցրել, թե՞ ինքնաթիռի մնացորդներ են»,- պատմել է NASA-ի Էյմսի հետազոտական կենտրոնի աշխատակից Լին Ռոտշիլդը:

Օդանավի պատյանը պատրաստվել է սնկերի վեգետատիվ հատվածից, որի հիմքում ջրակայուն մանրէներից աճեցված ցելյուլոզային ծածկույթ է: Ցելյուլոզային տերեւները պատել են թքից կլոնավորված սպիտակուցներով (հեղուկ, որը միջատներն օգտագործում են բների ջրամեկուսացման համար): Այնուհետեւ միկրոսխեմաները պատել են արծաթե ներկով:

Սակայն սարքի առանցքային բաղադրիչներն են պտուտակները, մարտկոցներն ու կառավարման տարրերը: Դրանք կենսաբանորեն քայքայվող նյութից պատրաստելն անհնար է եղել: Ներկայում մասնագետները կենսաբանական աղբյուր են փնտրում՝ այդ բաղադրիչների նյութերը փոխարինելու համար: