Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդիրների կարգավորման ներկա գործընթացը վկայում է, որ Իրանի հնարավորություններն ու հաղթաթղթերը մեծանում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է հայտնի ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ նման տեսակետի համար հիմք են դարձել այն համաձայնագրերը, որոնք իրանական կողմը ստորագրել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ՝ կապված Իրանում ատոմակայանի հետագա կառուցման հետ: «Դա անուղղակի հաստատում է: Այսինքն եթե գործընթացը կարգավորման չգնար, դժվար թե «խաղաղ ատոմը» ի դեմս Կիրիենկոյի նման համաձայնագրեր ստորագրեր»,-ընդգծել է Կարինե Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է պատժամիջոցները հանելուն, ապա իրանագետը կարծիք է հայտնել, որ դրանք մասնակիորեն կհանվեն եւ փորձնական ժամանակաշրջան կնշանակվի: «Դա բյուրոկրատական թեմա է եւ շատ բարդ գործընթաց, ուստի պատժամիջոցները հանելու մտադրությունների մասին կհայտարարվի, ինչպես հայտարարվել է նախկինում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Իրանի եւ «Վեցնյակի» միջազգային դիտորդների միջեւ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 18-24-ին Վիեննայում: Նոյեմբերի 24-ին կողմերը ցանկանում են պայմանավորվել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի եւ պատժամիջոցները հանելու շուրջ՝ Թեհրանի պաշտոնական հավաստիացումների դիմաց, որ նա չի պատրաստվում ատոմային զենք ստեղծել:




























