Intel-ը կանանց համար «խելացի» MICA թեւնոց է հայտնագործել՝ շփման եւ նավիգացիոն գործառույթներով, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Intel-ի հաղորդագրությունը:

«Խելացի» աքսեսուարի դիզայնը մշակել է Opening Ceremony ընկերությունը: Օգտագործվել է օձի կաշի, 18 կարատանոց ոսկի, մարգարիտ եւ օբսիդիան, MICA սենսորային էկրան՝ շափյուղային ապակով: Սարքի տեխնոլոգիան մշակել է Intel ընկերությունը, որը երաշխավորում է 2 օրվա աշխատանք՝ առանց լիցքավորման:

Խելացի սարքը ծանուցումներ կստանա Google-ից եւ Facebook-ից, կընդունի կամ կմերժի հրավերները:

Թեւնոցն ունի նաեւ Time to Go հիշեցման համակարգ: Այն TomTom ծառայության շնորհիվ որոշում է օգտվողի տեղանքը եւ հաշվարկում հաջորդ հանդիպման վայր հասնելու համար պահանջվող ժամանակը:

Սարքի արժեքն ԱՄՆ-ում 495 դոլար է՝ AT&T-ի հետ երկամյա պայմանագրի պարագայում: Թեւնոցը վաճառքում կհայտնվի դեկտեմբերի սկզբին: