Իրանի միջուկային ծրագրի կարգավորման համաձայնագիրը կստորագրվի: Իրանը կհամաձայնի «վեցյակի» գրեթե բոլոր պայմաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Արեւելքի երկրների հետ հարաբերությունների զարգացման փորձագիտական խորհրդի նախագահ Սերգեյ Դեմիդենկոյի խոսքերը:
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունները հնարավոր են, եթե չափազանց մեծ պահանջներ չլինեն:
Ըստ Դեմիդենկոյի՝ «վեցյակը» ուժեղ ճնշում չի գործադրի Իրանի վրա: «Նախ՝ քաղաքական նկատառումներից ելնելով. բոլորը հուսով են, որ Իրանն ակտիվորեն կներգրավվի ԻՊ-ի դեմ պայքարում… Երկրորդ՝ Եվրոպան ցանկանում է բոլոր ուժերով բազմազանեցնել գազի իր աղբյուրները: Այսինքն՝ վերջ տալ Ռուսաստանից էներգետիկ կախվածությանը», - նշել է փորձագետը:
Նա հավելել է, որ եթե սկսվի Իրանի իրական էներգետիկ համագործակցությունը ԵՄ երկրների հետ, դա հարված կլինի ռուսական տնտեսությանը:
Փորձագետը Իրանին բարդ բանակցող կողմ է անվանել՝ չբացառելով, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել նաեւ նոյեմբերի 24-ից հետո:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների եզրափակիչ փուլը Վիեննայում սկսվում է նոյեմբերի 18-ին: Նոյեմբերի 24-ին կողմերը մտադիր են համապարփակ համաձայնագիր մշակել բացառապես խաղաղ բնույթի իրանական միջուկային ծրագրի երաշխիքների մասին՝ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու դիմաց:





























