Նոյեմբերի 14-ից «Արամե» պատկերասրահում բացված, աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Գառզուի աշխատանքների ցուցադրությունը կշարունակվի  մինչեւ նոյեմբերի 25-ը։

NEWS.am-ի հետ զրույցում «Արամե» պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսն ընդգրկում է Գառզուի ստեղծագործական կյանքի շոշափելի ժամանակահատված եւ հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու ինչպես նկարչի ողջ ստեղծագործական գործունեության, այնպես էլ նրա արվեստի զարգացման առանձին փուլերի առանձնահատկությունների մասին։ Ցուցադրվող 45 աշխատանքների մեծ մասը պատկերասրահի սեփականությունն են, մյուսները՝ մասնավոր հավաքորդների հավաքածուներից են։

«Այս ցուցահանդեսին նախորդել է մոտ 5-ամսյա նախապատրաստական աշխատանք, քանի որ մենք նպատակ ունեինք համապարփակ գաղափար տալ Գառզուի ամբողջ ստեղծագործական գործունեության մասին։ Այդ նպատակով մենք ներգրավել ենք նաեւ մասնավոր հավաքորդների մի շարք գործեր»,- ասաց Արամ Սարգսյանը։

«Արամե» պատկերասրահի տնօրենի խոսքով՝ Գառզուի աշխատանքների ցուցադրությունը ներառում է շուրջ 40-ամյա ժամանակաշրջան, քանի որ հավաքածուի ամենահին նկարը թվագրված է 1948թ., ամենանորը՝ 1988թ.։

Սրահում ցուցադրված է Գառզուի վրձնին պատկանող 45 աշխատանք՝ 20 օրիգինալ յուղաներկ, 2 գծանկար, 1 ջրաներկ եւ 22 լիտոգրաֆիա։