Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հուլիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Յոուն-հոյը (նստավայրը` Մոսկվա):

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Կորեայի միջեւ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար լավ հիմքեր են ստեղծված, ինչը հնարավորություն է տալիս առկա երկկողմ մեծ ներուժը լիարժեք օգտագործել: Նրա խոսքով, վերջին տարիներին առեւտրաշրջանառության ծավալներով Կորեան դարձել է Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերներից մեկը, կորեական տեխնոլոգիաներն ու ապրանքները լավ համարում եւ պահանջարկ ունեն հայկական շուկայում, որի օրինակներից մեկն էլ վերջերս Երեւանում շահագործման հանձնված ջերմաէլեկտրակայանի նոր էներգաբլոկում կորեական տեխնոլոգիաների կիրառումն ու կորեացի մասնագետների աշխատանքն էր:   

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կորեական շուկայում հայկական ապրանքների պատշաճ ներկայացման պարագայում, դրանք ես մեծ պահանջարկ կունենան: Դեսպան Լի Յոուն-հոյը նշել է, թե հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության լուրջ հեռանկարներ կան` նկատի առնելով, որ, հատկապես ՏՏ ոլորտում Կորեան մեծ փորձ ունի.

«Իմ երկրի կառավարությունում ես եղել եմ Գիտատար տնտեսության նախարար: Մենք լուրջ նշանակություն ենք տալիս գիտության զարգացմանն ու նորամուծություններին, եւ ես այժմ` իբրեւ դեսպան, կանեմ ամեն հնարավորը, որպեսզի այդ ոլորտում Հայաստանի հետ զարգանա փոխշահավետ գործակցություն», - ասել է դեսպան Լի Յոուն-հոյը:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը` անկողմնակալ դիրքորոշման համար, որն արտահայտվում է նաեւ ՄԱԿ-ում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի մոտեցումներով: