Այս օրերին Հայաստանում է գտնվում Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը, որը ՀՀ ԳԱԱ-ի հետ բանակցություններ է վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու ոււղղությամբ:

«Մենք ուսումնասիրում ենք տիեզերքում գտնվող օբյեկտները, որպեսզի կարողանանք ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում, իսկ դա անելու համար պետք է հասկանանք, թե ինչ է ռելատիվիզմը, այսինքն` ֆիզիկայի այն բնագավառը, որը ի հայտ է եկել 20-րդ դարի սկզբին՝ Ալբերտ Էյնշտեյնի աշխատանքների շնորհիվ»,-լրագրողներին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով` տարիներ առաջ Իտալիայում ստեղծված Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի հիմնադիրներն էին Հայաստանը, Իտալիան եւ Վատիկանը, հետագայում դրան միացավ նաեւ Բրազիլիան:

«Կենտրոնի հիմնական նպատակը այս ոլորտի մասնագետների պատրաստումն է ու նրանց համակարգումը: Շուտով ՀՀ ԳԱԱ-ում տարածք կհատկացվի կենտրոնի համար, իսկ մինչեւ տարեվերջ Բյուրականում կսկսվեն կենտրոնի շինարարական աշխատանքները, քանի որ   կենտրոնի հիմնական աշխատանքային վայրը լինելու է Բյուրականում»,-ասաց Հարությունյանը:

«Հայաստանում աստղաֆիզիկան միշտ եղել է բարձր մակարդակի վրա, եւ Բյուրականի աստղադիտարանն է նաեւ այն հիմնական պատճառը, որ նմանատիպ կենտրոն ստեղծվում է Հայաստանում»,-ասաց Իտալիայի պատվիրակության կազմում գտնվող պրոֆեսոր Գրիգորի Վերեշչագինը` ավելացնելով, որ հարեւան երկրների գիտնականները կարող են գալ Հայաստան եւ համագործակցել հայ գիտնականների հետ։ Սա փաստորեն տարածաշրջանի այլ գիտնականների հետ արդյունավետ համագործակցության միջավայր է լինելու:

Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, Մերձավոր Արեւելքի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար:

Տեղեկացնենք, որ 2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա, որտեղ մասնակցել է կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին:

Նշենք, որ նմանատիպ տարածաշրջանային կենտրոններ ստեղծվել են նաեւ Բրազիլիայում եւ Ֆրանսիայում: