Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունից երեք երեխա է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վիրավորված երեխաներից 10-ամյա Արեգ Բարսեղյանի հայրը՝ Նաիրի Բարսեղյանը:
«Ծննդյան տարեդարձի էինք մասնակցում մանկական սրճարանում: Մենք՝ տղաս ու եղբորս երեխաները հյուր էինք: Միջոցառման ժամանակ, երբ սալյուտները վառեցին, դրանից փուչիկները պայթեցին, որովհետեւ լիցքավորված էին ոչ թե հելիում գազով, այլ սովորական մեքենայի գազով, որոնք մի 10 անգամ էժան են»,-ասաց երեխայի հայրը՝ նշելով, որ վիրավորված երեխաներից մեկը երկրորդ կարգի այրվածքներ է ստացել:
Նաիրի Բարսեղյանը նշեց, որ թեեւ սրահի զարդարանքը սրճարանն էր արել, բայց տնօրինությունն անտարբերություն է ցուցաբերել, ծնողներն են «Շտապօգնություն» կանչել եւ երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որտեղից էլ նրանց նույն օրը դուրս են գրել:
«Այրվածքներն այդքան էլ ծանր չեն, բայց երեխաները վախեցած են շատ, սթրեսի մեջ են, ամբողջ գիշեր չեն քնել»,- ասաց Նաիրի Բարսեղյանը:
Երեխաների ծնողները ոստիկանություն չեն դիմել:











