ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ կապված ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողներին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Կարծում եմ, որ մեր կատարած դիվանագիտական աշխատանքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների, Անջեյ Կասպշիկի, Կարմիր Խաչի հետ հանդիպումները, տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություն արեցին եւ հորդորեցին Ադրբեջանին, որ թույլ տա, իսկ Հայաստանին, որպեսզի աջակցի, որ կարողանան դեպքի վայր մեկնել, ականազերծման աշխատանքներ կատարել եւ գտնել օդաչուներին»,-ասաց նախարարը՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը աննախադեպ էր այն առումով, որ միջազգային հանրությունը առաջին անգամ կոնկրետ ընդգծեց, որ խնդրի լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը: