Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի անձնակազմի երեք օդաչուների հայրերին երեկ՝ նոյեմբերի 19-ին, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարը։

 «Առաջին իսկ օրվանից խոցված ուղղաթիռի 3 անդամների ընտանիքների հետ համապատասխան աշխատանք է կատարվել, հանրապետության նախագահի հետ մենք գտնվել ենք Արցախում, օդաչուների ընտանիքներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Ընտանիքների հայրերին երեկ ես անձամբ ընդունել եմ, նրանց հետ համապատասխան աշխատանք կատարել, համբերություն ցանկացել, նաեւ հորդորել, որ համբերեն, մինչեւ դիվանագիտական ճանապարհով մենք կարողանանք հարցը լուծել»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը: