Իրանն ԱԷՄԳ-ին առաջարկել է տեսչական այց կատարել Իրանի Քրդստանի Մարիվան քաղաքի ռազմաբազա: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը:

Մարիվանի կայանը գործակալության զեկույցում հիշատակվել էր դեռեւս 2011 թ.՝ որպես օբյեկտ, որտեղ, հնարավոր է, «միջուկային ուսումնասիրություններ են իրականացվել»: Զեկույցում ԱԷՄԳ անդամ-պետություններից մեկի կողմից տրամադրված տեղեկություն կար, որ Մարիվանում դրանից 10 տարի առաջ «իրականացվել են խոշոր փորձարկումներ՝ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ»:

Իրանի մշտական ներկայացուցիչը ԻԻՀ-ի պատրաստակամությունն է հայտնել «կամավոր հիմունքով» տեսուչներին «մեկ վերահսկվող մուտք» ապահովել կայան՝ որպես գործակալության հետ համագործակցությունն ամրապնդող քայլ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ԻՐՆԱ տեղեկատվական գործակալությունը  հայտնել էր, որ Ռեզա Նաջաֆին սուր քննադատության է ենթարկել այդ միջազգային կազմակերպությունը, որ այն ԻԻՀ-ին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ունեցած իր պահանջների վերաբերյալ մինչ այժմ այդպես էլ փաստացի ապացույցներ չի ներկայացրել:

«Ավելի վաղ մենք գործակալությանը պատասխաններ էինք ներկայացրել առաջադրած բոլոր հարցերին: Սակայն մինչ այժմ պատասխան չենք ստացել իսկական փաստաթղթերը, որոնց հիման վրա մենք քննարկեինք ԱԷՄԳ-ի ունեցած պահանջները», - հայտարարել է Իրանի մշտական ներկայացուցիչը: