Լեհաստանում ավարտվել է նախընտրականք արոզարշավը, շաբաթ օրը «լռության օր» է, իսկ կիրակի կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Քվեաթերթիկում երկու թեկնածուների անուններ են, «Քաղաքացիական պլատֆորմ» կառավարող կուսակցության ներկայացուցիչ, Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկին եւ ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները կանխատեսում են սեյմի մարշալի ահղթանակը մի քանի տոկոս առավելությամբ: Նշենք, որ առաջին փուլում Կոմորովսկին ստացել է ձայների 41,54, Կաչինսկին՝ 36,46 տոկոսը:
Երկրորդ փուլի նախօրեին սենսացիոն նոր տվյալներ են հրապարկվել, ըստ որոնց Կաչինսկին երկու տոկոսով գերազանցում է Կոմորովսկուն: Կաչինսկու օգտին, ըստ GfK Polonia ինստիտուտի «Ռեչպոսպոլիտա» պարբերականի, կքվեարկեն հարցվածների 49, Կոմորովկսու օգտին՝ 47 տոկոսը:
Փորձագետների կարծիքով՝ լուրջ խնդիր է նաեւ ամառը: Կոմորովսկու ընտրազանգվածն ավելի ունեւոր է, եւ կարող է մեկնել արձակուրդի ու չգալ տեղամասեր, իսկ Կաչինսկու օգտին քվեարկում են ավելի աղքատ գյուղական բնակչությունը:



























