ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը տարածաշրջան եւ, մասնավորապես՝ Հայաստան, Օբամա-Սարկոզի-Մեդվեդեւ հայտարարության շարունակությունն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը՝ ընդգծելով. «Ալիեւի վերջին պահվածքն ու դիվերսիոն գործունեությունը հայ-ադրբեջանական շփման գծում անհանգստացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին ու ընդհանրապես միջազգային հանրությունը, որ հնարավոր է տարածաշրջանում պատերազմը վերսկսվի։ Այդ պատճառով էլ ցանկանում են արագացնել  խնդրի խաղաղ  կարգավորման գործընթացը»:

Պատգամավորը նաեւ հավելեց, որ երեք նախագահների՝ Կանադայում արված  հայտարարությունը բավական խնդրահարույց է եւ դրանում առկա որոշ դրույթներ ոչ հստակ ձեւակերպում ունեն։ ««Օկուպացված շրջաններ» դրույթի մեջ միակողմանի դրսեւորում է նկատվում եւ նկատի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի մի շարք պատմական շրջաններ, մասնավորապես՝ Շահումյանը, Գետաշենը,  Արծվաշենը։ Եւ կարծում եմ, որ բանակցությունների ընթացքում այս հարցը եւս պետք է քննարկման առարկա դարձնել։ Նաեւ հստակ չէ, թե ի՞նչ է նշանակում ԼՂ-ի «միջանկյալ կարգավիճակ», եւ արդյո՞ք ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառված է այդ սկզբունքների մեջ։ Ոչ միայն միջանկյալ կարգավիճակի գաղափարը չի արտացոլում ազգերի ինքնորոշման իրավունքի դրսեւորումը, այլեւ պարզ չէ, թե հետագայում հանրաքվեի խնդիրն ինչպե՞ս է լուծվելու, որտե՞ղ ու ե՞րբ։ Եւ ամենակարեւորը՝դուրս է մնացել բանակցային գործընթացին ԼՂ-ի մասնակցության հարցը»:

Պատգամավորի խոսքով՝ իր կողմից նշված բոլոր այս խնդիրները Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել բանակցությունների, ինչպես նաեւ Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն, դաշնակցական պատգամավորի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի «լավատեսական արձագանքը»՝ Կանադայի հայտարարության հետ կապված, վատատեսորեն է տրամադրում, քանի որ ԱԳ նախարարը բացարձակապես հիմք չուներ այդպիսի հայտարարություն անելու համար»:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարի այցը բեկում կմտցնի հայ-թուրքական գործընթացում, Հրայր Կարապետյանն արձագանքեց. «Ֆուտբոլային դիվանագիտությունը անուղղակիորեն հանգեցրեց նրան, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով որպես նախապայման առաջադրում է ԼՂ հարցի լուծումը՝ իրենց ուզած սցենարով։ Թեեւ գերտերությունները դա չեն ընդունում, ասելով, որ  մեկը մյուսի հետ կապ չունի, սակայն այն հանգամանքը, որ թե՛ Քլինթոնը, թե՛ մյուս երկրների բարձրաստիճան պաշտոնյաները ԼՂ-ի մասին խոսելիս  արծարծում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, նշանակում է՝ Թուրքիան հասել է իր նպատակին»,-նկատեց Կարապետյանը։ Նա նաեւ հավելեց, որ Հայաստանը պետք է կտրուկ մերժի այդ երկու խնդիրները միմյանց կապելու փորձերը եւ հաստատակամություն հայտնի դուրս գալ հայ-թուրքական գործընթացից։ ՀՅԴ-ական պատգամավորը նշեց  նաեւ, որ այս հարցը եւս պետք է բարձրացվի Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. «Եթե մենք չկարողանանք այս խնդիրները դնել եւ հետեւողականորեն մեր ազգային շահերը պաշտպանել, ապա մեր բոլոր հաղթանակները ի քիչ կդառնան»: