Զինված միջադեպերը եւ զոհերի առկայությունը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պետք է դրդեն երկու կողմերին հակամարտության արագ լուծման, կարծում է ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
«Զոհվածների ընտանիքները եւ նրանց ընկերներն իրավունք ունեն սպասել, որ կյանքերի անիմաստ կորուստը կխթանի խաղաղ գործընթացի մասնակիցներին՝ օգտվել առաջ շարժվելու հնարավորությունից»,- ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ ասել է նա։
Կասպրշիկի խոսքով, Տորոնտոյում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովից հետո համանախագահող երկրների ղեկավարները իրենց աջակցությունն են հայտնել երկու երկրների նախագահներին եւ կոչ արել դեպի Խաղաղ համաձայնագրի մշակմանը հասնելու ուղղությամբ անել եւս մեկ քայլ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական դիվերսիոն խումբը։ Մարտի արդյունքում հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել 4 զինվորական։ Ադրբեջանցիները մարտի դաշտում թողել էին մեկ սպանվածի եւ նահանջել։




























