Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի տղաները ոչ թե զոհվել են, այլ անմահացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, զոհված անձնակազմի հոգեհանգստի ժամանակ ասաց «Երկրապահ կամավորների միության» նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
«Տղաներն իրենց կյանքը ճիշտ են ապրել, մանավանդ որ ոչ թե վատ մտադրությամբ, այլ ուսումնավարժանքի ժամանակ են զոհվել տղաները: Դա ոչ մի նորմալ երկրին կամ բանակին հարիր չէ՝ ուսումնավարժանքի ժամանակ մտածված խոցել ուղղաթիռը: Մեր տղաները ոչ մահացան, ոչ էլ զոհվեցին, նրանք անմահացան»,- ասաց նա:
Գեներալ Մանվելի խոսքով՝ քանի հայկական բանակը կա, զոհված անձնակազմի անդամները օդում կսավառնեն եւ կպաշտպանեն մեր հայրենիքը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։











