Միջազգային «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ բացահայտել մահվան դատապարտված երկու իրանցիների գործի փաստերը,  ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր կտտանքների եւ չարչարանքների են ենթարկվել Թեհրանի հարավում գտնվող Կահրիզակ բանտում։

Կազմակերպության հաղորդմամբ, 12 կասկածյալների նկատմամբ իրականացվող դատավարությունն ընթացել է փակ դռների ետում՝  զոհերի հարազատների ներկայությամբ, ինչի պատճառով մեղադրանքների  մանրամասնությունները եւ ապացույցներն անհայտ են մնում։

«Amnesty International»-ը  կոչ է անում Իրանի իշխանություններին՝ բացահայտել Կահրիզակում իրականացված կտտանքների եւ կոպիտ վերաբերմունքի այլ փաստեր, մեղադրանքների  մանրամասնություններ եւ ապացույցները նրանց դեմ, ովքեր արդեն կանգնել են դատարանի առաջ, ինչպես նաեւ բացահայտել մեղադրյալների անունները եւ նրանց պաշտոնները, որոնք նրանք զբաղեցրել էին Կահրիզակում եղած իրադարձությունների ժամանակ, եւ մանրամասն տեղկություններ ներկայացնել նրանց դատավարության մասին։