Ադրբեջանի կողմից նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի 3 զոհված անդամների հոգեհանգստյան կարգը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։

Կաթողիկոսը ցավակցեց զոհված ընտանիքների անդամներին եւ զորակցություն հայտնեց սգավոր սրտերին:

«Բոլորս մեր խոնարհումն ենք բերում զոհված մեր անմեղ զավակների հիշատակին: Կորստի ծանր պահերին, միմյանց զորակցությունը սփոփանք է վշտացյալների սրտերին: Մեր սրտակցությունն ու ցավակացությունն ենք հայտնում  զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին, մերձավորներին ու զինակից ընկերներին»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող Արբեջանի գործողություններին։

«Խստորեն դատապարտում ենք  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման  գործընթացը խաթարող Ադրբեջանի ռազմատենչ սադրիչ գործողությունները, որոնց դրսեւորումը եղավ  նաեւ այս ոճրագործությունը, հայկական ուղղաթիռի կործանումը, եւ մեր օդաչուների ողբերգական մահը: Խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների դուրս բերմանը  բոլոր միջոցներով խոչընդոտելու Ադրբեջանի անմարդկային քայլերը,  մարդասիրական եւ բարոյական նորմերի անտեսումը ստիպեցին Արցախի պաշտպանության  բանակին դիմելու հատուկ գործողության»,- իր խոսքում ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Վեհափառի խոսքով՝ մխիթարություն է այն, որ հայ մարտիկները կարողացան դուրս բերել զոհված օդաչուների աճյունները. «Այսօր մեր սրտերը հավաքված են  ոչ միայն ցավով, այլեւ մխիթարության զգացումով, որ մեր քաջարի եւ անվեհեր մարտիկները հերոսաբար կարողացան իրականացնել իրենց առաքելությունը՝ դուրս բերելով զոհված օդաչուների աճյունները»:

Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները մեծ սպառնալիք են տարածաշրջանի «փխրուն խաղաղության» համար, իսկ հայերը խաղաղության կողմնակից են:

«Արդբեջանի կողմից հրադադարի անընդմեջ խախտումները, դիվերսիոն գործողությունները սահմանամերձ բնակավայրերի պարբերաբար գնդակոծությունները, որոնց հավելվեց այս ոճրագործությունը, լուրջ վտանգ եւ սպառնալիք են տարածաշրջանի փխրուն խաղաղության համար եւ անմեղ կյանքեր են խլում: Մեր ժողովուրդը աստվածապատվեր խաղաղության կողմնակից է, եւ այսօր էլ շարունակում է ջանքեր  ներդնել մեզ պարտադրված պատերազմից հետո պահպանելու թանկ գնով ձեռք բերված խաղաղությունը: Քանզի աստվածաբեր պարգեւ կյանքը գերագույն արժեք է` սուրբ ու նվիրական, եւ աստվածային կամքին հակառակ են բռնություններն ու ոտնձգությունը մարդկային կյանքի եւ ազատ ապրելու իրավունքի դեմ: Սիրելի սգակիր հայորդիներ, այսօր մենք միասնական հաղորդակցությամբ հայց ենք բարձրացնում առ ամենակալ Աստված, որպեսզի չխաթարվի խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի մեր ժողովուրդը հարկադրված չլինի  զենքով եւ իր զավակի կյանքի թանկ գնով իր ազատ անկախ ապրելու իրավունքը... Աղոթք եւ օրհնություն մեր անմեղ հայորդիների լույս հիշատակին»,- ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Նշենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ նրանց կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։