«Գազպրոմ» ԲԲԸ-ն եւ բելառուսական «Բելտրանսգազ» ընկերությունը ստորագրել են գազային պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, որը վերաբերվում է Ռուսաստանից եկող վառելիքի Բելառուսի տարածքով տեղափոխման գնի բարձրացմանը։ Այս հայտարարությունն արել է «Բելտրանսգազ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Մայորովը։
Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ ռուսական կողմի համար տարանցման գումարը 2010 թվականի համար ավելանում է 1,88 դոլարով 1000 խորանարդ մետր գազի համար։ Մայորովի խոսքով, ներկա պահին կողմերը վերջնական հաշվարկներն են կատարում։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 16-ին Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ գազային սկանդալ է բռնկվել։ Ռուսաստանը Բելառուսին 5 օր ժամանակ էր տվել ռուսական գազի դիմաց ունեցած պարտքը վճարելու։ Ընդ որում՝ «Գազպրոմը» սկսեց կրճատել գազի մատակարարման ծավալները այդ երկիր՝ գոյացած պարտքին համարժեք։ Իսկ Բելառուսն էլ իր հերթին հայտարարեց տարանցման համար ունեցած Ռուսաստանի պարտքի մասին եւ նույնպես պարտքին համարժեք սկսեց կրճատել գազի մատակարարման ծավալները դեպի Եվրոպա։
Պարտքը վճարելու համար Բելառուսը Ադրբեջանից 12 օրով վերցրեց 200 մլն դոլար պարտք։ Արդյունքում Բելառուսը վճարել է 190 մլն դոլար, իսկ Ռուսաստանը 228 մլն դոլար եւ պարտք է մնացել Բելառուսին եւս 30 մլն դոլար։




























