«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն ներքին ստուգումների արդյունքում հայտնաբերելով շուրջ 751 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ նյութական արժեքների կորուստ` հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն` Ընկերությունից յուրացման փաստի կապակցությամբ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Միաժամանակ հայտնում ենք, որ, հիմք ընդունելով նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը` համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի, ընկերությունը ձեռնպահ է մնում որեւէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հրապարակելու հարցում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությունում կատարվել է յուրացում:

Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդների սպասարկման եւ բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար ընկերության գլխավոր պահեստից լիցաքավորման քարտեր ստանալով`ապօրինի վաճառել է, իսկ վաճառքից գոյացած 751 մլն դրամը յուրացման եղանակով հափշտակել` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Նոյեմբերի 23-ին Աշոտ Կույումջյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից էլ ներկայացվել է ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: