Ռուսական հեռուստատեսությունում Apple ընկերության առաջին գովազդն է հայտնվել: Այս մասին գրում է Վեդոմոստին՝ վկայակոչելով ամերիկյան արտադրողի աղբյուրներին:

Ներկայում հեռուստաալիքները երկու գովազդային հոլովակ են հեռարձակում, որոնցից մեկը նվիրված է iPhone 6 եւ iPhone 6 plus սմարթֆոններին, իսկ երկրորդը՝ Apple-ի սարքերի համար հավելվածներին: Հոլովակները հնչյունավորել են հայտնի հաղորդավարներ Օլգա Շելեստն ու Անտոն Կոմոլովը: Դրանք հեռարձակվում են, մասնավորապես, ТНТ, СТС եւ «Պյատնիցա» հեռուստաալիքներով:

Apple-ի գովազդի տեղադրման պատվիրատուն OMD OM Group Russia գործակալությունն է: Պարբերականի աղբյուրներից մեկի համաձայն, գովազդը դաշնային բոլոր խոշոր ալիքներով հեռարձակվելու է մինչեւ նոյեմբերի վերջ եւ ամբողջ դեկտեմբեր: Apple-ի գովազդային արշավը մինչեւ տարեվերջ գնահատվում է 50-70 մլն ռուբլի:

Աղբյուրի համաձայն, Apple-ը Ռուսաստանում շուկայի մի մասը կորցնում է՝ Google Android օպերացիոն համակարգով սարքերի հետ խիստ մրցակցության պատճառով: 2013 թվականի առաջին կիսամյակում սմարթֆոնների շուկայում Apple-ի մասնաբաժինը կազմել է 31%, իսկ 2014-ի նույն ժամանակահատվածում՝ 22%: