Sex.com դոմենի սեփականատերերը հերթական անգամ այն հանել են աճուրդի, գրում է The Financial Times-ը: Աշխարհի ամենաթանկ դոմենի համար սակարկությունները ինտերնետում տեղի են ունենում Sedo աուկցիոնում:

Դոմենի աուկցիոնի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հետ արդեն կապ են հաստատել մի քանի պոտենցիալ գնորդներ: Այդուհանդերձ, Sedo կայքում աճուրդի անցկացման օրը դեռ չի հրապարակվել, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախորդ անգամ sex.com դոմենը վաճառքի էր հանվել 2010 թվականի մարտին, սակայն աճուրդից մեկ օր առաջ դոմենի սեփականատիրոջ վարկատուները դիմել էին դատարան` նրան սնանկ ճանաչելու պահանջով: Երեք ընկերություններ ընդհանուր առմամբ ավելի քան 10 մլն դոլարի հայց էին ներկայացրել: Ընդ որում, այդ դատաքննության ավարտի մասին այդպես էլ ոչինչ չի հաղորդվել:

Sex.com-ը նրա ներկա սեփականատերերը ձեռք են բերել 2006 թվականին, եւ այն դարձել է ինտերնետում ամենաթանկ դոմենը: Տարբեր գնահատականներով, դոմենը Escom ընկերության վրա նստել է 12-14 մլն. դոլար: