ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային`ԱՄՆ Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության 234-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք երախտապարտ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից ի վեր:

Հայաստանն առանձնակի կարեւորություն է տալիս ԱՄՆ-ի հետ իր երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ մեր երկու երկրների համագործակցությանը տարածաշրջանային ու միջազգային տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք մեծապես շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմամբ:

Միացյալ Նահանգների անկախության տոնը աներկբա շաղկապված է ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի հետ: Ձեր երկիրը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վարչակազմի հետեւողական եւ կառուցողական ջանքերը`ի նպաստ հակամարտության արդարացի կարգավորման:

Մեր բարեկամության համար հատուկ կարեւորություն ունի Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ իրական կամուրջ հանդիսացող ամերիկահայ համայնքը:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ` Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից մաղթում եմ Ձեզ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին բարօրություն եւ պայծառ ապագա»: