Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ պետության տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նրա խոսքով, դա ընդգծվել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ իր ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի հետ հանդիպումներում: «Տպավորություն է, թե հակամարտության կողմերը գիտակցում են փաստը, որ խնդիրը պետք է կարգավորվի հենց երեք սկզբունքների հիման վրա»,- նկատել է Քլինթոնը: Պետքարտուղարը կրկին ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, թեեւ գիտակցում է, որ դա բարդ գործընթաց է: Նա նաեւ ընդգծել է, թե հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահող երկրների ղեկավարները: «Այդ իմաստով մենք առաջընթաց ենք ակնկալում բանակցային գործընթացքում հակամարտության վերջնական եւ երկարաժամկետ լուծման հասնելու համար»,- հայտարարել է պետքարտուղարը:

Նա անթույլատրելի է համարել հակամարտության լուծման բռնի միջոցներին վերադառնալը՝ ափսոսանք հայտնելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի խախտման վերջին դեպքի առնչությամբ: «Մենք ցավում ենք զոհերի համար, եւ չենք ցանկանում, որ նոր մարդիկ զոհվեն, չենք ցանկանում, որ բանակցային գործընթացը վատթարանա, ուստի կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ նման գործողություններից»,- հայտարարել է պետքարտուղարը:

Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն  ընդգծել է, թե Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպմանը պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները հենց այն կետից, որ արձանագրվել է Սանկտ-Պետերբուրգում: «Այդ գործընթացին աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները` «Մեծ ութնյակ»-ի շրջանակներում արած իրենց հայտարարությամբ: Եւ այդ պայմանավորվածություններին համապատասխան էլ մենք պետք է շարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նախարարը եւ հավելել, որ Հայաստանը համակարծիք է ԱՄՆ-ի հետ, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա: «Մենք նաեւ համակարծիք ենք ռազմատենչ հռետորաբանությունից զերծ մնալու եւ տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու հարցում»,- նկատել է Նալբանդյանը: