Վերջին 18 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը հստակ հայտարարել է, որ ձգտում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչի ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արդյունավետ համագործակցությունն է, Աֆղանստանի, Իրանի հարցում ունեցած մեկ դիրքորոշումը, սակայն ոչ բոլոր դեպքերում եւ հարցերում պետք է համընկնեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները։ Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
«Օրինակ, մենք համաձայն չենք Ռուսաստանի հետ Վրաստանի, Աբխազիայի եւ Օսիայի հարցում»,-նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ եւ Ռուսաստանը պետք է հնարավոր առավելագույն անեն ընդլայնելու համաձայնեցված հարցերի շրջանակը, քանի որ այն բխում է ոչ միայն այդ երկու պետությունների շահերից, այլեւ ամբողջ աշխարհի։ Բոլորը պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ այսուհետ եւս պետք է աշխատեն եւ համագործակցեն։
«Ուկրաինա կատարած իմ այցելության ընթացքում ես համոզվեցի, որ այս երկիրը փորձում է էլ ավելի ակտիվացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն դա Ուկրաինայի գործն է։ Վրաստանի դիրքորոշումն էլ այդ անկախ պետության գործն է» -ամփոփելով իր խոսքը՝ ասել է պետքարտուղարը։




























