ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Ադրբեջանում բանակցություններ է վարել Լեռնային Ղարաբաղի՝ հայկական անկլավի համար ձգվող վեճին վերջ դնելու նպատակով։ Նա նախագահ Իլհամ Ալիեւին ասել է, որ ԱՄՆ կցանկանար համաձայնություն տեսնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, գրում է ВВС-ն։
Մամուլի ասուլիսի ժամանակ Ալիեւն ընդգծել է, որ ԼեռնայինՂարաբաղի շուրջ շարունակվող վեճը «լուրջ վտանգ է» Ադրբեջանի անվտանգության համար։ Նա նաեւ բարձրացրել է հայկական անկլավի հետեւանքով տեղահանված էթնիկ ադրբեջանցիների հարցը։ «Մենք ուզում ենք, որքան հնարավոր է, շուտ գտնել հարցի լուծումը։ Մեր ժողովուրդը տառապում է»,- ասել է Ալիեւը:
Ի պատասխան սրա՝ Քլինթոնն ասել է. «Խաղաղության ճանապարհին վերջին քայլերը հաճախ ավելի ծանր են լինում, բայց մենք կարծում ենք, որ խաղաղությունը հնարավոր է։ Դա ԱՄՆ-ի համար առաջնային հարց է»: Պետքարտուղարը շեշտել է, որ «պետք է պահպանել» 1994 թվականի հրադադարի ռեժիմը։
Ինչպես հայտնում է ВВС-ն, Բաքվում գտնվելով՝ Քլինթոնն անդրադարձել է նաեւ խոսքի ազատության եւ քաղաքացիական ազատությունների հարցերին։
Նշենք, որ Քլինթոնը Հայաստան է ժամանել հուլիսի 4-ին։




























