Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բնակիչներն այսուհետեւ հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի թվայնացված հեռախոսային ցանցից: Ֆիքսված հեռախոսակապի թվայնացման աշխատանքների ավարտը եւ նոր թվային հեռախոսակայանի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 27-ին:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պատախինի խոսքով՝ Գանձակում նոր հեռախոսակայանի բացումը մարզերում ընկերության ծրագրերի միայն մի մասն է:

«Beeline-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ֆիքսված կապի զարգացման հարցը: Այս տարի մենք նշանակալի միջոցներ ենք ներդրել լարային ենթակառուցվածքներում ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի հեռավոր շրջաններում: Մենք ամեն ինչ անում ենք մեր բաժանորդների միջեւ տարածությունը կրճատելու, նրանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մենք շարունակելու ենք ֆիքսված կապը պահել մեր ուշադրության կենտրոնում»,-լրագրողներին ասաց Անդրեյ Պատախինը՝ նշելով, որ հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է ներդրումների ավելացում, նոր տեխնոլոգիաների ներդրում:

Գանձակում թվայնացվել է միջկայանային կապը, կապիտալ վերանորոգվել է մայրուղային ցանցը, տեղադրվել եւ նոր տեխնոլոգիայով մոնտաժվել է 2 բաշխիչ պահարան: 

Թվային հեռախոսակայանի շնորհիվ Գանձակում Beeline-ի բաժանորդների թիվը հասել է մոտ 400-ի, արդեն 47 բաժանորդ օգտվում է Hi Line գերարագ ինտերնետ կապից,  3-ը՝ IP TV ծառայությունից, որի միջոցով ձեռք են բերել 60 տեղական և արտասահմանյան հեռուստաալիքներ պարունակող փաթեթ: 

Նշենք, որ 2014թ. Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանցը, մոնտաժել ավելի քան 3500 հեռախոսագիծ, լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ:

2014թ. սեպտեմբերի 1-ից նվազել է ելքային զանգերի արժեքը ինչպես Beeline-ի ցանցում, այնպես էլ դեպի ֆիքսված կապի հայաստանյան բոլոր օպերատորների եւ ԼՂՀ ֆիքսված ցանցեր, որն այժմ կազմում է  5դր./րոպե:

Նշենք, որ Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է: Հայաստանում Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդներն օրական իրականացնում են ավելի քան 2 միլիոն զանգ, իսկ լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդները սպառում են ավելի քան 200 ՏԲ ծավալով տեղեկատվություն: