Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում վախճանվել է պաղեստինյան գրոհային Մուհամմադ Դաուդ Ուդեն, որը հայտնի է որպես Աբու Դաուդ, հաղորդում է Reuters գործակալությունը: Հուղարկավորությանը մասնակցել են պաղեստինյան կազմակերպությունների բազում ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 1972թ. Մյունխենի օլիմպիադայի ժամանակ պաղեստինյան գրոհայինները պատանդ էին վերցրել Իսրայելի հավաքականին: Գրոհի կազմակերպիչը Աբու Դաուդն էր, որ ղեկավարում էր «Սեւ սեպտեմբեր» խմբավորումը: Ահաբեկչության արդյունքում Իսրայելի հավաքականի 2 մարզիկներ սպանվել են տեղում, եւս 9 մարդ պատանդ էին վերցվել: Ահաբեկիչները Գոլդա Մեերի կառավարությունից պահանջել էին ազատ արձակել բանտերում գտնվող 236 գրոհայինների: Իսրայելի վարչապետը հրաժարվել էր բանակցություններից, իսկ ազատագրման ժամանակ բոլոր մարզիկները, նաեւ գերմանացի ոստիկանը, սպանվել էին: Ոչնչացվել էին հինգ գրոհայիններ, երեքը ձերբակալվել էին: