Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Պարոնյան 7 հասցեում կայանված «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու միջոցով վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Կենտրոնական բաժնից  ստացվել են դեպքի վայրի  անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրկիզում ավտոմեքենան:

«Ովքեր ճանաչում են կամ որեւէ տեղեկություն ունեն տեսագրության մեջ պատկերված անձի   ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»,-ասված է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: