Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
Նշենք, որ հուլիս 4-5-ը պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելել է Երեւան, որտեղ հանդիպել է նախագահ Սարգսյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրության, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:
Այցի ընթացքում նա նաեւ հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ` գովելով նրանց ջանքերը, որ նպատակ ունեն խթանել ժողովրդավարական արժեքները, այդ թվում` հաշվետու կառավարումը, ազատ եւ անկախ մամուլը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ: Պետքարտուղարը նաեւ մասնավոր այցով եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915թ.:
Պետքարտուղար Քլինթոնի այցը մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ: 2010թ. ԱՄՆ կառավարությունը տրամադրել է շուրջ 45 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն` ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերակայության բարելավմանը, առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացմանը եւ մասնավոր հատվածի ու ենթակառուցվածքների ամրապնդմանը: Բացի այդ, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ոռոգման համակարգերի եւ ֆերմերների ուսուցման ծրագրերի համար 2010թ. հատկացվող միջոցները կկազմեն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար:
ԱՄՆ դեսպանատնից հայտնեցին, որ վերջերս ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Գլոբալ զարգացման միավորումներ» երկամյա ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին «Վորլդ Վիժն»-ի հետ համատեղ մեկնարկեց «Ընտանեկան առողջություն» նախագիծը, որն ուղղված է Հայաստանի առավել հեռավոր բնակավայրերում կանխարգելիչ բուժծառայությունների ապահովումը եւ քրոնիկ հիվանդությունների վարումը բարելավելուն. հունիսի 30-ին «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության, Երեւանի մամուլի ակումբի եւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է «Այլընտրանքային ռեսուրսները լրատվամիջոցներում» նախագիծը, որը կօժանդակի Հայաստանի ԶԼՄ-ներին եւ անկախ ու որակյալ լրատվություն կապահովի հայ հասարակության համար:
Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից իրականացված արտաքին աջակցության ծրագրերով Հայաստանին հատկացվել է ավելի քան 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար:




























