«Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին արդեն իսկ ընդունել է իր պարտությունը Լեհաստանի նախագահական ընտրություններում եւ շնորհավորել իր մրցակցին՝ Բրոնիսլավ Կոմորովսկուն, հաղթանակի առթիվ։ «Ես պետք է սկսեմ այն բանից, ինչը պահանջում է բարի ավանդույթը՝ շնորհավորում եմ Բրոնիսլավ Կոմորովսկուն»,-ասել է Կաչինսկին՝ ելույթ ունենալով իր նախընտրական շտաբում։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս ընտրություններին, բայց առաջին հերթին նրանց, ովքեր սատարում էին ինձ»,-ասել է նախագահի պարտված թեկնածուն։ Իր հերթին, ելույթ ունենալով իր աջակիցների առաջ՝ հուլիսի 4-ի երեկոյան, Բրոնիսլավ Կոմորովսկին ասել է. «Այսօր մենք հանում ենք փոքր շամպայնի շշի խցանը, իսկ վաղը՝ մեծ շշինը կհանենք»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ըստ հաշվարկի՝ ստացած ձայների 95 տոկոսով ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը իշխող «Քաղաքացիական պլատֆորմի» ներկայացուցիչ, Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմորովսկին է։ Ըստ նախնական տվյալների, Սեյմի խոսնակը հավաքել է քվեների 52,63 տոկոսը, իսկ նրա մրցակից՝ ընդդիմության առաջնորդ, «Օրենք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին՝ 47,37 տոկոսը։
Հիշեցնենք, որ Յարոսլավ Կաչինսկին 2010 թվականի ապրիլին ավիավթարի հետեւանքով զոհված՝ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու եղբայրն է։




























