«Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում, որովհետեւ այն հիմնարար սկզբունքները, որոնք ամրագրված են Սահմանդրության առաջին երկու հոդվածներում ի սկզբանե եղել են կասկածի տակ:  Խոսքը գնում է ե´ւ ժողովրդավարության մասին, որը ենթադրում է ազատ ընտրություններ,  ե´ւ իրավական պետության մասին, որը ենթադրում է օրենքի անվերապահ գերակայությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հուլիսի 5-ին` Հայաստանի Սահմանադրության ընդունման օրը, նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:  

«Սահմանադրությունը որպես երեւույթ, որպես իրավաբանական փաստաթուղթ, մեր իրավագիտակցության մեջ դեռեւս  տեղ  չունի, խորհրդային ժամանակներում Սահմանադրությունն ընդամենը քաղաքական փաստաթուղթ էր եւ հռչակագրային նշանակություն ուներ, անկախությունից հետո եւս երկրում սահմանադրական մշակույթ չարմատավորվեց: Դրա պատճառով Սահմանադրության բազմաթիվ դրույթներ երկրում չեն գործում»,-նշեց նա:

Խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին` Պողոսյանը նշեց, որ դրանց կարիքն այսօր չկա:

«Խնդիրը բարեփոխելու մեջ չէ: Խնդիրը գործող սահմանադրությունը ճիշտ կիրառելու մեջ է»,-ասաց սահմանադրագետը` հավելելով, որ  2005 թվականի բարեփոխումներից հետո մեր Սահմանադրությունն ունի բավականին մեծ ժողովրդավարական ներուժ:

«Չեմ կարծում, որ հաճախակի բարեփոխումները կբերեն Սահմանադրության  ավելի ճիշտ ու հետեւողական կիրառմանը»,-ամփոփելով իր խոսքը՝ նշեց նա: