YouTube հայտնի կայքի այցելուները կայքի որոշ էջերից օգտվելիս հանդիպել են կասկածելի կամ անվայել բովանդակության տեսահոլովակների։ Եղել են դեպքեր, երբ YouTube-ի էջերում տեղադրված է եղել սկրիպտ, որով անմիջականորեն անցում է կատարվել այլ կայքերի, ինչպես նաեւ հայտնվել են էկրանն ամբողջովին ծածկող գրություններ։ Հարձակմանը հաջորդած մի քանի ժամվա ընթացքում Google-ի մասնագետները վերացրել են թերությունը, որը թույլ է տալիս մեկնաբանությունների մեջ տեղադրել ախտահարող սկրիպտը։

Հարձակման պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել 4chan ֆորումի մասնակիցները։ Հարձակման պատճառով վնաս կրածների թիվը ճշտված չէ, սակայն հայտնի է, որ հարձակումը հիմնականում ուղղված է եղել Ջասթին Բիբերի վիդեոհոլովակների դեմ։ 4chan ֆորումի մասնակիցները մեծ թվով հարձակումներ ու ֆլեշմոբեր են իրականացրել։ Մասնավորապես 2010 թվականին ֆորումի անանուն մասնակիցները  YouTube-ում  «Պոռնոգրաֆիայի օր» էին կազմակերպել, եւ վիդեոհոսթինգում տեղադրել էին հոլովակներ, որոնցում «բաց տեսարաններ» էին պատկերված։