Ներկայումս իրականացվում է Հայաստանում «Այ Բի Էմ»-ի նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման ծրագիրը, որը կնպաստի տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ մասնագետների վերապատրաստմանը եւ հետազոտական աշխատանքների իրականացմանը: Այս մասին, այսօր՝ դիկտեմբերի 2-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Այ Բի Էմ» ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլեւը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «IBM» ընկերության հաճախորդների կենտրոնի ղեկավար, Հայաստանում «IBM»-ի նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ծրագրի համակարգող Գայանե Հարությունյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:
Կարեն Ճշմարիտյանը շնորհավորել է Կիրիլ Կորնիլեւին նույն օրը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով, ըստ որի կողմերը մտադիր են ուսումնասիրել սոցիալական ոլորտում տեխնոլոգիաների եւ հաշվողական համակարգերի ինտեգրման հնարավորությունները եւ մշակել սոցիալական ուղղվածությամբ պետության համար դրանց կիրառման լավագույն տարբերակները: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսական զարգացման քաղաքականությունը հենվում է գիտելիքի ու նորարարության վրա, եւ նախարարությունը պատրաստ է «Այ Բի Էմ» ընկերության հետ քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ շնորհավորանքի համար` «Այ Բի Էմ» ընկերության Արեւելյան Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլեւը նշել է, որ ընկերությունը շարունակում է համագործակցել Հայաստանի հետ, մասնավորապես, ներկայումս իրականացվում է Հայաստանում «Այ Բի Էմ»-ի նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման ծրագիրը, որը կնպաստի տեխնոլոգիական ոլորտի բարձրորակ մասնագետների վերապատրաստմանը եւ հետազոտական աշխատանքների իրականացմանը:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել Հայաստանում «Այ Բի Էմ»-ի նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման ծրագրի իրականացումը, ինչպես նաեւ դիտարկել «Այ Բի Էմ» ընկերության հետ հետագայում համատեղ նոր հեռանկարային ծրագրերի եւ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:




























