Google ընկերությունը նախատեսում է իր առավել հայտնի ծառայությունների հատուկ տարբերակներ թողարկել, որոնք կհամապատասխանեն մինչեւ 12 տարեկան երեխաների համար նախատեսված նորմերին:

Ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կստեղծի օնլայն որոնողական համակարգի, YouTube տեսահոսթինգի  եւ Chrome բարուզերի մանկական տարբերակները: Ընկերությունում հրաժարվել են հստակ ժամկետներ նշել, սակայն նշել են, որ այս պահին աշխատանքներ են կատարվում:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս ճիշտ մոտեցում մշակել եւ մեր արտադրանքից օգտվող երեխաների նկատմամբ ծնողների կողմից վերահսկողության անհրաժեշտ գործիքներ ապահովել»,- հաղորդել է Google-ի փոխնախագահ Փավնի Դիվանժին, հայտնում է USA Today-ը:

Google-ի օգտատեր լինելու համար պետք է հաստատել, որ անձը 13 տարեկանից մեծ է, կամ ներկայացնել ծնողների համաձայնությունը: Սակայն ընկերության փոխնախագահը նշում է, որ գործնականում երեխաները, ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, սկսում են այդ ծառայություններից օգտվել ավելի վաղ տարիքում: