Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած զինծառայող Անդրանիկ Արզումանյանի մոտ երեկ՝ հուլիսի 5-ին բժիշկները ձեռքի շարժում են նկատել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ իր հուլիսի 6-ի համարում։ Գանգուղեղային վնասվածք ստացած զինծառայողի մայրը թերթին հայտնել է, որ դա իրեն հույս է ներշնչում, թե տղան կկարողանա հաղթահարել մահվան սպառնալիքը եւ շատ շուտով դուրս կգա կոմայից։
Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը թերթին հայտնել է, որ Արզումանյանի ձեռքի շարժումը առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում։ Ըստ Միքայելյանի՝ ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել՝ վեգետատիվ, ինչն էլ բժիշկներին առիթ է տալիս ենթադրելու, որ երիտասարդի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Չնայած դրան՝ բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք` ադրբեջանցի հետախույզները հետ էին քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ եւ չորս վիրավոր:




























