British Petroleum-ը, ձգտելով Վաշինգտոնին ընդառաջ քայլ կատարել ու հաշտվել ԱՄՆ-ի հետ՝ Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքից հետո, դադարեցնում է իրանական ուղեւորատար ինքնաթիռների լիցքավորումը:
BP-ն դեռ երեք օր առաջ դադարեցրել է պայմանագիրը իրանական ընկերություններից մեկի հետ՝ Դուբայի օդանավակայանում: BP-ն նաեւ հրահանգ է ուղարկել իր եվրոպական դուստր-ձեռնարկություններին եւ գործընկերներին, որում խորհուրդ է տալիս հրաժարվել իրանական օդանավերը լիցքավորելուց:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին իրենց մտադրության մասին՝ տուգանել այն ընկերություններին, որոնք չեն դադարեցնի նավթամթերք առաքել Իրանին, գրում է «Ռոսբալտ»-ը:
Բացի այդ, իրանական կողմը մեղադրել է երեք երկրների՝ Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ Միացյալ Արաբական Էմիրություններին՝ իր ուղեւորատար ինքնաթիռները լիցքավորելուց հրաժարվելու մեջ: Իրանի իշխանությունները սպառնում են համարժեք պատասխան տալ: Ընդ որում, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հայտարարել են, թե չեն հրաժարվում լիցքավորել իրանական օդանավերն իրենց օդանավակայաններում:



























