ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Բազելում հանդիպման ժամանակ նշել են Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ երկու պետությունների մոտեցումների համահունչ լինելը: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հանդիպումը կայացել է դեկտեմբերի 4-ին, Բազելում անցկացվող ԵԱՀԿ անդամ-պետությունների արտգործնախարարների Խորհրդի նիստի շրջանակում:
«Արձանագրվեց, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտեցումները համահունչ են Թեհրանի միջուկային ծրագրի հարցով միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցություններում»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, կողմերը նշել են համապարփակ համաձայնության հասնելու կարեւորությունը, որը պետք է վերացնի Իրանի միջուկային ծրագրի ուղղվածության շուրջ առկա մտահոգությունը, միաժամանակ երաշխավորի ՄԱԳԱՏԷ-ի համակողմանի վերահսկողության ներքո ատոմային խաղաղ տեխնոլոգիաներ զարգացնելու՝ Թեհրանի իրավունքը:




























