«Հրապարակը» մեկնաբանում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան: «Անշուշտ, ամենահետաքրքիրը հանդիպումների մասնակիցների շրջանակն էր, որ ընտրել էր տիկին Քլինթոնը: Դրանում մի կողմից երեւում են ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները, մյուս կողմից՝ փոքր երկրների քաղաքացիներին բնորոշ քաղքենիությունն ու գերտերությունների հանդեպ ակնածանքը: Այո, Հիլարի Քլինթոնը Ուկրաինայում հանդիպեց Յուլիա Տիմոշենկոյին, Վրաստանում ցանկություն հայտնեց հանդիպել Նինո Բորջանաձեին, իսկ Երեւանում չհանդիպեց ո՛չ Կոնգրեսի, ո՛չ «Ժառանգության», ո՛չ էլ անգամ Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Գուցե խնդիրն այն է, որ մեր ընդդիմության մեջ կին առաջնորդներ չկա՞ն: Իսկ գուցե բանն այն է, որ մեր ընդդիմությո՞ւնն է խեղճ եւ թույլ, եւ ամերիկյան իշխանությունները նրան նույնացնում են իշխանության հետ:

Իսկ գուցե Հայաստանում տիրող քաղաքական դասավորությունը ձեռնտո՞ւ է ամերիկյան իշխանություններին: Հնարավոր է, որ ընդհանրապես Հայաստանը նրանց հետաքրքրում է այնքանով, որ մեզանում կան չլուծված խնդիրներ, ուստի եւ լարվածության օջախ, որն ինչ-որ պահի կարող է սպառնալ ամերիկյան բարեկեցությանն ու անվրդով կյանքին: Դժվար է ասել: Նույնքան դժվար է ասել, թե ինչ տվեց Հիլարի Քլինթոնի երկօրյա այցը Հայաստանին: Թերեւս միայն ազգային սնապարծության  զգացումները շոյվեցին, չէ որ անձամբ ԱՄՆ պետքարտուղարն էր եկել, նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կինը: