Instagram-ում լուսանկարները միշտ էմոցիաներ են առաջացնում, եւ լավ կլիներ դրանք նյութականացնել: Այսպես են որոշել ռուսաստանաբնակ հայերը՝ մոսկվավի Տոս Մովսիսյանն ու պետերբուրգցի Արտյոմ Գարմերյանը: Նրանք Boft ավտոմատ-սարք են ստեղծել. այն թղթի վրա անմիջապես օգտատիրոջ անձնական էջից քառակուսի լուսանկարներ է տպագրում, իսկ էջը բացվում է մեծ սենսորային էկրանին: Երկու լուսանկարի տպագրությունն արժե 50 ռուբլի, չորսինը՝ 100 ռուբլի, իսկ 20 լուսանկար կարելի է տպագրել 500 ռուբլիով:
Սարքի հեղինակները խոստովանում են, որ առաջին իսկ պահից հաշվի են առել աղջիկների գործոնը: Հենց նրանք են ամենաակտիվը սոցիալական ցանցերում լուսանկարներ տեսադրելու հարցում: Ըստ «Վեդոմոստիի», աղջիկներն արդարացրել են սպասումները:
Boft նախագծի հեղինակները ծանոթացել են Լապպեենրանտեի (Ֆինլանդիա) Տեխնոլոգիական ինստիտուտում: Ամենատարբեր քննարկումների արդյունքում էլ ծնվել է Instagram-ից տպագրություն կատարող սարքի ստեղծման գաղափարը: Դրա համար Մովսիսյանն ու Գարմերյանը շուրջ 200.000 դոլար են ներդրել: Ասում են՝ շուրջ կեսը իրենց անձնական խնայողություններն են: Իսկ մնացած մասը պարտք են վերցրել:
Առաջին Boft ավտոմատը 2014 թվականի ապրիլին տեղադրել են «Ֆլակոն» դիզայն-գործարանում: Սարքեր են տեղադրվել նաեւ «Եվրոպական» կենտրոնում, «Աֆիմոլ»-ում, «Մետրոպոլիս»-ում, «Կրոկուս սիթի հոլ»-ում: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում դեռեւս 10, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ երեք սարք կա:
Ամենամեծ հաջողությունն արձանագրվել է «Կրոկուս սիթի հոլ»-ում. սարքը տեսել եւ իր լուսանկարներն է տպագրել առեւտրի կենտրոնի սեփականատիրոջ եւ փոխնախագահի որդին՝ Էմին Աղալարովը: Դրանից հետո նա Instagram-ում գրել է այդ մասին ու ձեռնարկատերերին հրավիրել հանդիպման:
2015 թվականին ձեռներեցներն ակնկալում են Ռուսաստանում 150 ավտոմատ-սարք տեղադրել:




























