Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 6-ին այցելել է Նուբարաշենի  թունաքիմիկատների գերեզմանոց` տեղում  ծանոթանալու  չեզոքացման  աշխատանքներին։

Դեռեւս 1970 թվականի սկզբներին Հայաստանում  արգելվել է վտանգավոր  քլորօրգանական պեստիցիդների օգտագործումը, ինչը  հանգեցրել է  հանրապետության  տարածքում ժամկետանց   եւ  արգելված պեստիցիդների պաշարների  կուտակմանը։ 80-ականների սկզբին դրանց թաղման համար Հայաստանում առանձնացվել է հատուկ տարածք։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ շրջել են  գերեզմանոցի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին։

Այստեղ արտակարգ իրավիճակ ստեղծվել էր այս տարվա մարտ ամսին, հայտնվել էր ինչ-որ տեխնիկա, որը փորել  տարածքը, որի պատճառով  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Տարածքը գտնվում է  սողանքային գոտում, հողն այստեղ սահում է` վտանգավոր նյութերն էլ հասնում են հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում, անասնապահությամբ զբաղվում։ Ի դեպ, վարչապետ Սարգսյանին զեկուցվել է, որ հարցի առնչությամբ  ոստիկանությունն արդեն հարուցել է քրեական գործ։

Հաշվի  առնելով  գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակը` Հայաստանի կառավարությունը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացրել է 32 միլիոն դրամ` Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի չեզոքացման աշխատանքների կատարման համար։ Թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգները ժամանակավորապես չեզոքացվել են, շրջակա տարածքում  իրականացվում է հսկողություն։  ՀՀ բնապահպանության  նախարար Արամ Հարությունյանի հավաստմամբ, կատարվել է շուրջ 31 մլն դրամի շինարարական աշխատանք, եւ 700 հազար դրամ` նախագծային եւ մնացած այլ աշխատանքների  իրականացման համար։ 

 Այնուհետեւ վարչապետը լսել է հասարակական կառույցների ներկայացուցիչներին, ովքեր առաջարկում են խնդրին վերջնական լուծում տալ։

Տիգրան Սարգսյանի խոսքով, տարածքում դեռ պետք է շարունակվեն ուսումնասիրութունները եւ վերջնական որոշումը կկայացվի միջազգային փորձագետների եզրակացությունից հետո։