Հայաստանի ազգային կինոկենտրոնը արդեն սեփական վեբ-կայք եւ լոգո ունի, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 6-ին: Նորաբաց վեբ-կայքը` www.ncca.am-ը, եռալեզու է, սակայն դեռեւս գործում են վեբ-կայքի  միայն հայերեն եւ ռուսերեն տարբերակները, իսկ անգլերեն տարբերակը կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին վեբ- կայքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` ավելացնելով, որ սա ազգային կինոկենտրոնի կողմից շատ սպասված իրադարձություն է, եւ ամեն ինչ արել են, որպեսզի այն որակյալ լինի:

«Մենք 2000-ից ավել տարբեր լոգոներ ենք նայել եւ յուրաքանչյուր մանրուք մանրամասն մշակել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր շատ սպասված լոգոն եւ կայքը լինեն որակյալ»,- ասաց Գեւորգյանը` ավելացնելով, որ նորաբաց վեբ-կայքը իր մեջ ներառում է ազգային կինոկենտրոնի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` ինչպես ֆիլմերի արտադրության` լուսանկարներ, դերասանների մասին տեղեկություններ, այնպես էլ ֆիլմերի բյուջեների մասին տվյալներ:

«Այս կայքի միջոցով հնարավոր կլինի տեղեկանալ, թե այժմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ինչ ֆիլմեր են նկարահանվում, ինչպես նաեւ, թե որքան է ֆիլմի բյուջեն»,- ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը:

 Նշենք, որ 2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում: