Վանաձոր քաղաքում hուլիսի 7-ին կբացվի «Աշխատանքի տոնավաճառ», որը իրականացվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ:
People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման տեղեկատվական հովանավորն է «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը, որը ֆինասավորվում է Եվրամիության եւ Չեխիայի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ:
Վանաձորի աշխատանքի տոնավաճառին կմասնակցեն Լոռու մարզի 40 գործատուներ, որոնցից 32-ը` Վանաձորից, իսկ մյուսները մարզի այլ տարածաշրջաններից:
Ներկայումս ներկայացված գործատուները իրենց հաստիքացուցակներում , ունեն ավելի քան 577 առկա եւ 132 սպասվող թափուր աշխատատեղեր: 2010թ. հունիսի 1-ի դրությամբ Լոռու մարզում աշխատանք է փնտրում ավելի քան 13 հազար 200 մարդ, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 6 տոկոսով: Այս տարվա առաջին կիսամյակում Լոռու մարզում արդեն իսկ գրացվել են 2506 աշխատանք փնտրողներ, որը 2009 թվականի համեմատ նվազել է 2,3 տոկոսով:
Նշենք նաեւ, Լոռիում դեռ 2010 թվականի սկզբից մինչ օրս արդեն աշխատանք են գտել 485 մարդ, իսկ ամենամեծ առաջարկություն ունեն այս մարզում ինժեներ, բուժքույր, հաշվապահ մասնագիտությունները: «Աշխատանքի տոնավաճառի» կազմակերպիչներն ակնկալում են , որ այցելուների թիվը կհասնի 3000-ի:



























