Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորման հետեւանքով հիվանդանոցում մնացած 4 հոգին այսօր՝  դեկտեմբերի 8-ին, դուրս կգրվեն: Հայաստանի գլխավոր վարակաբան, Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Արա Ասոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ դուրս է գրում իր հիվանդանոցում գտնվող երկու հոգուն: Նա նշեց, որ Եղվարդում գտնվող հիվանդները եւս դուրս են գրվել կամ էլ այսօր են դուրս գրվում: 

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: